«Ցեղասպանության խնդիրը նույնքան ուժեղ է, ինչպես որ կար, եւ պատճառը, որ խնդիրն ավելի է կարեւորվել այսօր, կապված է Թուրքիայի հետ: Պատճառը, որ Ցեղասպանության բանաձեւը կարող է անցնել, նույնպես Թուրքիայի հետ է կապված „,- փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերության հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի շուրջ տեղի ունենալիք քննարկմանը:

“Ես չեմ էլ սպասում, որ ամերիկյան Կոնգրեսը կասի, թե եղել է ցեղասպանություն: Իրականն այն է, որ պետք է Թուրքիան ընդունի Ցեղասպանությունը, իսկ նա այդ առումով շատ դանդաղ է փոխվում: Եվ շատ առումներով, Թուրքիայի քաղաքականությունը, կապված արձանագրությունների հետ, ավելի է ուժեղացնում Ցեղասպանության ճանաչման հարցը»,- ասաց Ռ. Կիրակոսյանը՝ նկատելով, որ Ցեղասպանության հարցի քննարկումը Վաշինգտոնում չի վերաբերում Ցեղասպանությանը, այլ վերաբերում է թուրք-ամերիկյան հարաբերությանը:

«Արձանագրությունները ստորագրելուց հետո Թուրքիան խաղեր է խաղում, փորձության է ենթարկում Հայաստանին, բայց նաեւ փորձության է ենթարկում միջազգային հանրությանը: Սա միակ խնդիրն է, որտեղ ռուսները, ամերիկացիները, եվրոպացիները, բոլորը համաձայն են միմյանց հետ, բոլորի պահանջները եւ սպասումները Թուրքիայից են: Հայաստանն այլեւս ոչինչ չի կարող անել, եւ չպետք է անի: Եթե Թուրքիան բաց թողնի այդ հնարավորությունը, նա դրա համար գին պետք է վճարի եւ դեռ պետք է տեսնել՝ ինչ գին է դա լինելու»,- ընդգծեց Ռ. Կիրակոսյանը:

«Եթե նույնիսկ Հայաստանի կառավարությունը հաջողի արձանագրությունների հարցում, դա ոչինչ չի նշանակելու մեր ներքին խնդիրները լուծելու առումով: Եվ երկրորդը, եթե Թուրքիան նույնիսկ բացի սահմանն ու մի դիվանագետ ուղարկի Հայաստան, ապա դա նորմալ երկրների համար ընդամենը նվազագույնն է, որ պետք է արվի, ուստի Թուրքիան դրա համար չպետք է պարգեւատրվի», ասաց նա: