Հայաստանի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիրն արտագաղթն է, սա սոցիալական արտագաղթ չէ, անհուսությունից, անպաշտպանվածությունից ծնված արտագաղթ է։ Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ Վրաստանի սահմանին տեսել է, որ վերջին օրերին երկիրը լքում է 300-400 քաղաքացի, գնում են գլխիկոր, ջարդված, մի մասը՝ հիասթափված, մի մասը՝ փրկված, եւ սա դեռ միայն ցամաքային սահմանն է, մի մասն էլ գնում է ինքնաթիռով։ Նա նկատեց, որ արտերկիր մեկնելու տոմս չկա, իսկ այնտեղից ինքնաթիռները գալիս են դատարկ։ Արամ Մանուկյանը շեշտեց, որ արտագաղթը ավելացել է Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո, նոր թափ է ստացել։
«Եթե սա շարունակվեց, մի հինգ-յոթ տարի հետո բանակ, հարկատու, ընտրություն համակարգերը կքայքայվեն, չի մնա հարկատու, երիտասարդ, աշխատող մարդ, որը էս երկրի հույսն է»,- ասաց Արամ Մանուկյանը։ Նա նշեց, որ այս երեւույթը տեսել է Ռումինիայում եւ Մոլդովայում, Եվրոպայի ամենաշատ արտագաղթող երկիրը Ռումինիան է, որտեղից արտագաղթում են հիմականում լատինախոս երկրներ։
«Մոլդովան ուղղակի մահ էր, երեկոյան տասից հետո տրասնպորտ չկար, սրճարաններում, ռեստորաններում մարդ չես գտնի, բնակչություն, ժողովուրդ քեֆ անող չկա, այդ երկրից հիմնականում Ռուսաստան են գնում։ Մոլդովայում մասնավոր, փոքր բիզնես չկա, իշխանության կողմից մորթած, գցած է, իրենց կենտրոնական փողոցում թատրոնի շենքը դարձրել են կազինո, համեմատում ես, վախենում ես, մեզնից խելառը կա, բայց դա է մեր վիճակը։ Մեր հեռանկարը սա է»,- ասաց նա:
Մանուկյանը համաձայնեց, որ արտագաղթ եղել է 90-ականներին, դա պատերազմի դաժան իրավիճակն էր, բայց այդ ժամանակ տեղի են ունեցել մեր երկրի ռեֆորմները, հաղթանակները, հասարակությունն ունեցել է միասին լինելու կամք եւ կազմակերպիչներ, իսկ այժմ մոտիվիացիան ուրիշ է, գնում են հարուստները, բիզնենսմեննները, անպաշտպանները։ Նա հիշեց Վանո Սիրադեղյանի ռեֆորմները եւ նշեց, որ հավաքել է բոլորի զենքերը, կրիմինալից ազատել է երկիրը, ազատականացրել է շուկան եւ այյլն, մինչդեռ այս իշխանությունները ոչ մի բարեփոխում չեն արել։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























