Վրաստանը հրավիրել է Ադրբեջանին մասնակցելու ռազմական օդանավերի արտադրության համատեղ ծրագրին:

Ինչպես ԱՊԱ-ին են հաղորդել ռազմական աղբյուրները, Վրաստանը ծրագրում է Թբիլիսիի ավիացիոն գործարանում (ТАМ – Tbilisi Aerospace Manufacturing Company) արդիականացված Su-25 օդանավեր արտադրել: Նախագծի ֆինանսավորման եւ արտադրության համատեղ կազմակերպման հարցերով պաշտոնական Թբիլիսին դիմել է Ադրբեջանին: Առաջարկի ընդունման դեպքում օդանավերի որոշակի մասեր կարող են արտադրվել Ադրբեջանի ռազմական գործարաններում:

Պաշտոնական տվյալների համաձայն, 2002-2003թթ Ադրբեջանը Վրաստանից գնել է Su-25 տեսակի 13 օդանավ: Այդ օդանավերն արտադրվել են ТАМ գործարանում` իսրայելական «Elbit Systems» ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում: Արդիականացումից հետո Su-25 օդանավերը կոչվում են «Սքորփիոն»:

Վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանն Ադրբեջանին, Կոնգոյին է վաճառել Su-25 օդանավեր եւ վերանորոգել Թուրքմենստանի ռազմաօդային ուժերի Su-25 տեսակի օդանավեր: ТАМ գործարանը մինչ օրս թողարկել է Su-25 տեսակի մինչեւ 900 օդանավ: