Յոթ տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառելու հարցն արհեստականորեն է բարձրացված, քանի որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ դեռ չկա: Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։

Նրա խոսքով, Փաշինյանի գործով հրապարակվել է միայն առաջին ատյանի դատարանի վճիռը։ «Կան եւս երկու դատական ատյաններ, եւ մենք չենք կարող կռահել, թե ինչպիսին կլինի դատավճիռը»,- նշել է Աղվան Հովսեփյանը՝ ավելացնելով, որ համաներումը օրենքի պահանջ է, եւ եթե վճռի հրապարակումից հետո Փաշինյանի հարցը չլուծվի, դատախազությունն ինքը կբարձրացնի այդ հարցը։

Նշենք, որ նախօրեին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարել էր, որ 2009թ. հուլիսի 19-ին Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումը տարածվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի վրա, եւ վերջինիս դատապարտման ժամկետը պետք է կիսով չափ կրճատվի։ «Տարածվում է, քանի որ առաջին հերթին դա կապված է մարտի 1-ի հետ, ինչը եւ համաներման ընդունման նախապայմաններից էր»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հստակեցրել է ՄԻՊ-ը։ Արմեն Հարությունյանը չի ցանկացել խոսել դատավճռի օրինականության եւ անօրինականության մասին։ «Այս պարագայում հարցը պետք է քննարկել ի օգուտ մարդու իրավունքների, եւ եթե հարցը քննարկվում է ի օգուտ քաղաքացու, ապա համաներումը միանշանակ պետք է տարածվի նաեւ Նիկոլ Փաշինյանի վրա։ Հուսանք, որ Վերաքննիչ դատարանը հենց նմանօրինակ մոտեցում կցուցաբերի»,- ավելացրել է Հայաստանի ՄԻՊ-ը։

Հիշեցնենք, որ 2010թ. հունվարի 19-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը «Հայկական ժամանակ» թերթի խմբագրին դատապարտել էր 7 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է 2008թ. մարտի 1-ին անկարգություններ հրահրելու համար։ Փաշինյանի պաշտպանները հայց են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով արդարացնել նրան։