Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը կարծում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անհրաժեշտությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում։ Այս մասին նա հայտարարեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

Նրա խոսքով, Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու նախադրյալները շատ պարզ են՝ իշխող վարչակազմի թույլ տված ձախողումները ներքին եւ արտաքին քաղաքականության բանագավառներում, ահագնացող ճգնաժամը եւ իշխանական ճամաբարում աճող լարվածությունը։

Ի պատասխան վերջինիս դիտարկումների՝ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, իր հերթին, ծիծաղելի համարեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրբյանի նմանատիպ հայտարարությունը, անհիմն համարելով քաղաքական այդ ուժի՝ արտահերթ ընտրությունների պատրաստություններ տեսնելը։

Նշելով, որ նմանատիպ հայտարարությունների համար նախադրյալներ չկան եւ չեն կարող լինել, նա ընդգծեց, որ իշխանությունը՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, հստակ քաղաքականություն է իրականացնում. «Այնքան էլ հեռու չեն ավագանու ընտրությունները, երբ բոլորս էլ տեսանք ամեն կուսակցության ուժն ու ազդեցությունը եւ այն քվեների քանակը, որ ժողովուրդը տալիս էր դրանցից յուրաքանչյուրին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ այդ ընտրությունների արդյունքները հենց «լեւոն զուրաբյանների» նման մարդկանց համար են։

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը քաղաքական բոլոր ուժերին խորհուրդ էր տվել ցանկացած պահի պատրաստ լինել արտահերթ ընտրությունների՝ տեղեկացնելով, որ իրենք եւս նույն կերպ են վարվում։