Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եռաբլուր պանթեոնին հարող տարածքում, այսօր՝ մայիսի 1-ին, մասնակցել է Երիտասարդական խորհրդարանի կազմակերպած ծառատունկին։
Մինչ ծառատունկը Հովիկ Աբրահամյանը ծաղիկներ է դրել Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին եւ հայ ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Դեռեւս ապրիլի 26-ին ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ Երիտասարդական խորհրդարանի անդամները դիմել էին Հովիկ Աբրահամյանին՝ «Երիտասարդական խորհրդարանի այգի» ստեղծելու առաջարկով։ ԱԺ նախագահը հավանություն տալով՝ խոստացել էր ամենայնս աջակցել երիտասարդ խորհրդարանականներին։
Կազմակերպված ծառատունկն առաջին քայլն էր, որ կատարվել է այդ ուղղությամբ։ Տնկվել է շուրջ 150 եղեւնի։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անձամբ տնկել է 16 եղեւնի։
Խորհրդարանի ղեկավարը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշելով ծառ տնկելու, կանաչ տարածքներ ստեղծելու կարեւորությունն, ասել է. «Պահը կարեւորում եմ երկու տեսանկյունից, նախ՝ ծառատունկը երիտասարդների հետ միասին ենք կատարում, երկրորդ՝ Եռաբլուր պանթեոնին հարող տարածքում նոր այգի հիմնելը հարգանքի տուրք է մեր ազատամարտիկների հիշատակին»:
Հովիկ Աբրահամյանը կարեւորել է նաեւ այն հանգամանքը, որ ծառատունկին մասնակցում էին տարբեր քաղաքական ուժերի երիտասարդական թեւերի ներկայացուցիչները, որը համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտ է ստեղծում։ «Այսօր լավ ավանդույթի հիմք է դրվում»,- ասել է ԱԺ նախագահը։
Ծառատունկին մասնակցել են նաեւ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ, պատգամավորներ։


























