NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր` մայիսի 1-ին, ժամը 00.16-ին, Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի ունեցած բացառիկ վթարի մասին, երբ վարորդը դուրս է թռել մեքենայից:
ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ 24.00-ի սահմաններում հերթապահ մասից իրեն տեղեկացրին, որ Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել վթար եւ մեկ հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: «Անմիջապես մեկնեցի դեպքի վայր, տեսա մի տեսարան, որը աշխատանքային այս տարիների ընթացքում երբեւիցե չէի տեսել: Բազմաթիվ տեսարանների եմ ականատես եղել, բայց նմանատիպ վթար չէի տեսել»,-ասաց նա:
Արշակյանը պատմեց, որ «27-ամյա վարորդ Դավիթ Հայրապետյանը, Բագրատունյաց փողոցից իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայով երթեւեկելով, Գարեգին Նժդեհի հրապարակի կանաչապատ հատվածում պետք է թեքվեր դեպի աջ, սակայն չէր թեքվել, խփել էր մայթեզրին, մեքենան միանգամից բարձրացրել էր օդ, 2 մետր բարձրության վրա մոտ 15-20 մետր անցել այդ կլոր հատվածով, որի ներքեւոմ գտնվում է մետրոպոլիտենը եւ առեւտրի կետերը, բախվել էր օղակի դիմացի պատին, ինչի արդյունքում ընկել էին մեքենայի առջեւի երկու անիվները, շարժիչի մասերը: Փոխանցման տուփի մասերը հայտնվել էին մետրոպոլիտենի վերեւի հատվածի մյուս մայթին, իսկ մեքենան որպես երկաթի կտոր, ընկել էր մետրոպոլիտենի հարկը»:
«Կարող եմ վստահեցնել, որ եթե այդտեղ մարդ լիներ, մենք չէինք ունենալու վիրավորներ, մենք ունենալու էինք զոհեր: Բարեբախտաբար, ոչ միայն ներքեւի հատվածում մարդ չկար, այլեւ մեքենայի թռիչքի ժամանակ հրապարակում անցնող մեքենաներ չեն եղել, մենք այդ մեքենաներում կունենայինք զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ»,- ասաց նա:
Արսեն Արշակյանը պատմեց, որ «ԲՄՎ»-ն գլխիվայր էր շրջվել, դռները պոկվել, ընկել էին, իսկ վարորդը դուրս էր թռել մեքենայի միջից եւ ընկել գլխիվայր: Կարճ ժամանակահատվածում շտապօգնությունը եւ փրկարարները հասել էին դեպքի վայր, բայց հնարավոր չի եղել երիտասարդի կյանքը փրկել:
Թեեւ ամեն ինչ պարզ կլինի փորձաքննությունից հետո, բայց նախնական տեղեկություններով, երիտասարդը մեքենան վարել է 180-200 կմ/ժ արագությամբ: Արսեն Արշակյանը շեշտեց, որ նմանատիպ վթարների 90 տոկոսը լինում են ալկոհոլ օգտագործած վիճակում կամ առանց գիտակցելու արագությունը գերազանցելու դեպքում:
Դիմելով վարորդներին` Արսեն Արշակյանը հորդորեց չգերազանցել արագությունը, չվարել մեքենան ալկոհոլ օգտագործած վիճակում, քանի որ հետեւանքները կարող են աղետալի լինել ոչ միայն իրենց, այլեւ շատ այլ մարդկանց համար:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 00.16-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում` մետրոպոլիտենի կայարանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել էր, որ «ԲՄՎ» մակնիշի 03 QQ 330 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 27-ամյա Դ. Հայրապետյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել մետրոպոլիտենի կայարանի մուտքի մոտ:
Վթարի հետեւանքով Դ.Հայրապետյանը դուրս է շպրտվել ավտոմեքենայից եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել էր:

























