Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մայիսի 1-ին Վաշինգտոնում հրապարակել է իր տարեկան զեկույցը, որը գնահատում է մամուլի ազատության վիճակը 2012 թվականին աշխարհի 197 երկրներում: Զեկույցի համաձայն 63 երկրում մամուլի վիճակը գնահատվել է որպես ազատ, 70 երկիր նշվել են մասամբ ազատների շարքում եւ 64 երկրում մամուլը ազատ չէ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայաստանի կարգավիճակը այս զեկույցում չի փոխվել, մեր երկիրը, ինչպես վերջին տասնամյակում, այս զեկույցում էլ դասվել է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում, թեեւ ընդհուպ մոտեցել է կարգավիճակի փոփոխման սահմանագծին եւ զեկույցի հեղինակների կարծիքով ամենանշանակալի առաջընթաց գրանցած երկրներից է:

Այս տարի Հայաստանը բարելավել է իր դիրքերը 4 միավորով, եւ նախորդ զեկույցում գրանցած 65 միավորի փոխարեն 61 միավոր է ստացել: Այժմ Հայաստանին միայն մեկ միավոր է պակասում Freedom House-ի ներկայացրած զեկույցում մասամբ ազատ մամուլով երկրների շարքում ընդգրկվելու համար:

Զեկույցի տնօրեն Քարին Քարլիքարի խոսքով, Հայաստանի գնահատականն այս զեկույցում բարձրացել է, քանի որ իրենք նկատել են լրատվամիջոցների կողմից ավելի հավասարակշռված լուսաբանում խորհրդարանական ընտրությունների շրջանում, ընդդիմադիր կուսակցությունները էլ ավելի լայնորեն են կիրառել օնլայն մեդիան, բռնությունն ու ոտնձգությունները լրագրողների նկատմամբ նվազել են նախընտրական եւ ընտրությունների շրջանում: Հայաստանում նաեւ բավական կտրուկ նվազել են զրպարտության վերաբերյալ բողոքները լրագրողների դեմ: Այդ պատճառով Հայաստանը ամենամեծ առաջընացը գրանցած երկրներից է այս զեկույցում:

Մամուլի ազատության առումով նշանակալի են եղել նաեւ Վրաստանի ձեռքբերումները, առաջընթաց է գրանցվել 3 կետով` Վրաստանում մամուլի ազատությունը բնութագրող ցուցանիշը 52-ից դարձել է 49: Առաջընթացը մասնավորապես կապված է հեռուստատեսային շուկայում քաղաքական բազմազանությամբ, ընտրությունների լավ լուսաբանմամբ:

Վրաստանը պահպանել է իր տեղը մասամբ ազատ երկրների շարքում:

Ադրբեջանը 82 միավոր է ստացել Freedom House-ի սանդղակում, այն դեպքում, երբ վատթարագույնը համարված Հյուսիսային Կորեան եւ Թուրքմենստանը 96 միավոր ունեն:

Ադրբեջանի գնահատականը երկու կետով անկում է ապրել, ինչը կապված է լրագրողների նկատմամբ բռնության, տեղեկատվության հասանելությունը սահմանափակող օրենսդրական փոփոխությունների հետ:

Վատթարագույնը համարված Թուրքմենստանի եւ Հյուսիսային Կորեայի կողքին մամուլի ազատության առումով շատ վատ դիրքերում են նաեւ Բելառուսը, Կուբան եւ Ուզբեկստանը, նշված է զեկույցում: