Թեեւ Թուրքիայի ղեկավարները հայտարարում են, որ հայ-թուրքական զարգացումների մեջ մտել են, որպեսզի դրանով ստիպեն միջազգային հանրությանը ակտիվ զբաղվել ԼՂ խնդրով եւ լուծել այն Ադրբեջանի օգտին, սակայն միջազգային հանրությունն էլ ի պատասխան՝ Ցեղասպանության ճանաչման հարցը պրոբլեմ դարձրեց Թուրքիայի համար: Փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանն ու հավելեց, որ Թուրքիայի այդ մոտեցումը սխալ էր:

«Այսօր մենք շատ պարզ տեսնում ենք Թուրքիայի սխալը, բայց մենք կարող ենք տեսնել նաեւ Հայաստանի սխալը: Որովհետեւ դեռ պարզ չէ, թե մյուս փուլում ում գլխին է սա ջարդվելու: Շատ վտանգավոր է այս ամենը, եւ ոչ մի ուրախանալու պատճառ չեմ տեսնում: Եվ ճիշտ են ասում, որ բավական վտանգավոր է Ցեղասպանության հարցը քաղաքականացնելը: Առավել վտանգավոր է ղարաբաղյան հարցը ինչ-որ նպատակների հասնելու համար օգտագործելը, թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար, որովհետեւ լրիվ լծակները տրվել են գերտերություններին: Այ սա է խնդիրը»,- ասաց Մանվել Սարգսյանը:

Կրկին անդրադառնալով Ցեղասպանության խնդիրը Կոնգրեսում քննարկելուն, նա նշեց. «Ես չգիտեմ, թե ԱՄՆ-ը ինչի համար է այս հարցը դրել: Կա տպավորություն, որ դա ճնշում է Թուրքիայի վրա, որպեսզի այն վավերացնի արձանագրությունները, բայց ես կարծում եմ, որ հակառակը` ամերիկացիները ամեն ինչ անում են, որ Թուրքիան չվավերացնի: Նրանք կարծես, փորձում են ջարդել Թուրքիայի այդ նախաձեռնությունները, այդ ամբիցիաները: Այ դա շատ էական բան է»: Մ. Սարգսյանը նաեւ հավելեց, որ հաշվի առնելով այդ զարգացումները, ինքը չի զարմանա, եթե Թուրքիայում ճգնաժամ առաջանա: