«Հայացք» երիտասարդական կինոփառատոնի շրջանակներում առաջիկա երկու օրերի ընթացքում Հ. Մալյանի անվան թատրոնում կցուցադրվեն շուրջ 25 կարճամետրաժ ֆիլմեր: Դրանք են Արթուր Օրդյանի «Հովվերգություն» վավերագրական ֆիլմը, Շողիկ Հակոբյանի խաղարկային «Սպասասրահում» ֆիլմը, Սոնա Խաչատրյանի «Երանելի օրեր», Գուժ Թադեւոսյանի «Մարգար պապը», Զավեն Գրիգորյանի «Մեր Մարինե», Գառնիկ Խչոյանի «Հանդիպում խաչքարի մոտ» եւ այլ ֆիլմեր։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:
Նշենք, որ «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը մեկնարկել է Ցեղասպանությանը նվիրված ֆիլմով: «Հայացք» երիտասարդական կինոփառատոնում ժյուրին մրցանակներ կշնորհի 4 անվանակարգում՝«Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մտահղացում»: «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ «Հայացք» երիտասարդական կինոփառատոնի հատուկ գործընկերներն են «Լաբարնա» («Labarna») հուշանվերների, «Արվեստի աշխարհ» («Art World») խանութ սրահները։


























