ՀՅԴ-ն բազմիցս ասել է, որ ամենաճիշտ քայլը կլիներ ավագանու ընտրություններում միացյալ ցուցակի ստեղծումը, որը կգլխավորեր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ մենք պատրաստ կլինեինք այդ ցուցակին, կարեւոր չէ` որ տեղում: Այդ մասին մայիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով գլխավորում է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ընտրացուցակը:

Նրա խոսքով, ՀՅԴ-ն որեւէ հավակնություն չուներ «Ժառանգության» հետ միավորվելու կապակցությամբ, բայց, ցավոք, ակնհայտ են դառնում երկու կուսակցությունների մոտեցումների տարբերությունները: «Ամեն ինչ, չգիտես ինչու, կապվում էր ապրիլի 9-ի հետ, ինչի կապակցությամբ մենք որեւէ լուրջ հեռանկար չէինք տեսնում: Մենք առաջարկում էինք ամրացնել շարժումը, իշխանություններին հարկադրել լուրջ զիջումների գնալ, եւ երկու տարում անցնել կառավարման խորհրդարանական համակարգի, ընդդիմության վերահսկողության լծակներ տալ»,- նշել է Ռուստամյանը:

«Բնականաբար, եթե շարժումը գլխավորում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ մենք չէինք էլ վիճարկում, առաջարկում էինք, որ նա էլ գլխավորի ցուցակը, սակայն իրենք հայտարարեցին, թե չի կարելի նսեմացնել նախագահական ընտրությունների հաղթանակը»,- ասել է Ռուստամյանը:

Դիտարկմանը, թե ՀՅԴ-ի եւ «Բարեւ, Երեւանի» քարոզարշավները նման են իրար, Ռուստամյանը պատասխանել է, թե աշխարհում չկա քարոզչության նոր ձեւ կամ մեթոդ: «Բարեւի» մեթոդը Րաֆֆի Հովհաննիսյանի մենաշնորհը չէ: Առաջինն այդ մեթոդը կիրառել է Արծվիկ Մինասյանը 2009թ.»,- ասել է նա:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am