Համահայկական բնապահպանական ճակատն (ՀԲՃ) առաջարկում է ձեւավորել բնապահպանական մշտադիտարկման եւ գործողությունների կազմակերպման ու համակարգման համահայկական ցանց:
ՀԲՃ-ն սկսում է անդամների հավաքագրում եւ կազմակերպում է աշխատանքային հանդիպում-ծանոթություն, որը կկայանա մայիսի 4-ին: Հանդիպման ժամանակ ավելի մանրամասն կներկայացվեն ՀԲՃ-ի կազմակերպչական կառուցվածքը, աշխատանքային խմբերի նկարագրությունները, գործունեության սկզբունքներն ու կանոնները։ Կքննարկվի նաեւ իրավաբանական կարգավիճակը:
Առաջին փուլի համար առաջարկում են հետեւյալ աշխատանքային խմբերը, որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ ըստ իրենց մասնագիտության կամ նախասիրությունների․
1. Բնապահպանական խնդիրների վերհանման եւ մշտադիտարկման խումբ
2. Հանրության էկոգիտակցության բարձրացման եւ էկոիրազեկման խումբ
3. Կանաչ ջոկատ
4. Իրավաբանական խումբ
5. Հանրային կապեր եւ տեղեկատվություն
Խմբերի թիվը հետագայում կավելանա՝ ընդգրկելով բնապահպանությանն առնչվող այլ ոլորտներ: Կստեղծվեն նաեւ տարածքային եւ ժամանակավոր խմբեր:
Ճակատի տարածած հաղորդագրության մեջ, նաեւ նշվում է.
«ՀԲՃ-ն, փաստելով, որ ներկայումս մեծ թափով ընթանում է Հայրենիքի էկոգաղութացում՝ օտար կապիտալի եւ ներքին օլիգարխիայի կողմից բնական ռեսուրսների լայնածավալ ու անխնա շահագործման միջոցով, որն էլ բերում է բնության անդառնալի կորուստների ու հատկապես գյուղական բնակչության սոցիալական ճորտացման եւ արտագաղթի,
հասկանալով, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ոչ միայն գործնական քայլեր չի ձեռնարկում համազգային այս աղետը կանխելու ուղղությամբ, այլ, ըստ էության, հենց ինքն է հանդիսանում այդ ամենի անբաժանելի մասն ու դրա հովանավորը,
գիտակցելով, որ բնապահպանությունը հայաստանապահպանություն է, եւ իրավիճակը հնարավոր է շտկել միայն համայն հայության բնապահպանական ներուժի համախմբմամբ եւ համակարգված գործադրմամբ, նպատակ է դնում ապահովել մեր հայրենի բնության պահպանությունը, տնտեսության բանական զարգացումը եւ սոցիալական արդարությունը:
Այս նպատակին հասնելու համար ՀԲՃ-ն հետամուտ է լինելու բնական միջավայրի պահպանմանը, վերականգնմանն ու զարգացմանը, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը եւ վերարտադրությանը, շրջակա միջավայրի վրա տնտեսական եւ այլ գործունեության բացասական հետեւանքների կանխմանը եւ վերացմանը, սոցիալական արդարության սկզբունքով բնական ռեսուրսների օգտագործման արդյունքների բաշխմանը:
Նշված նպատակին հասնելու եւ խնդիրների իրականացման համար, ՀԲՃ-ն առաջարկում է ձեւավորել բնապահպանական մշտադիտարկման եւ գործողությունների կազմակերպման ու համակարգման համահայկական ցանց, որը բացառապես պետք է գործի օրինականության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքներով»:

























