«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 2-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 414.52 դրամ: Ապրիլի 30-ի համեմատ դոլարը թանկացել է 0.65%-ով, կամ 2.68 դրամով:
Բորսայում այսօր վաճառվել է 2 մլն. դոլար: Առեւտրային նստաշրջանի վերջում դոլարը պահանջարկ է վայելել նույնիսկ 415 դրամով, սակայն համապատասխան առաջարկ չի եղել: Ուստի առավել հավանական է, որ վաղը եւս դոլարը կթանկանա:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը որոշ փոխանակման կետերում բարձրացել է մինչեւ 414 դրամ, վաճառքի առավել տարածված փոխարժեքն է 416 կամ 417 դրամը:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր մի փոքր թուլացել է դոլարի նկատմամբ եւ սակարկվել է 1.3161 դոլարին մոտ: Սպասվում է, որ Եվրոպայի կենտրոնական բանկն այսօր որոշում կընդունի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման մասին:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.0433 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ:




























