Այսօրվա գնահատականը, որ տրվում է վետերաններին, քիչ է եւ պետք է արվի ավելին: Այս մասին, այսօր` մայիսի 2-ին, վետերանների եւ հաշմանդամների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻ նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը:

Նա ընդգծեց, որ այսօր ԱԻՆ-ում ունեն վետերանների կոմիտե, որտեղ մարդիկ աշխատում են, բայց կարծում է, որ ԱԻՆ-ը վետերանների համար դեռ անելիքներ ունի: «Մենք պետք է այնպես անենք, որ մեր վետերանները գոհ լինեն մեզնից: Թող ոչ ոք գլուխ չգովի, որ իրենք  իրենց ամբողջ կյանքը երիտասարդ են մնալու եւ վետերան չեն դառնալու: Մենք պետք է հարգենք, որ հարգվենք»,- նշեց Արմեն Երիցյանը եւ հավելեց, որ իրենց ընտրվելու դեպքում նախարարները պետք է վետերան խորհրդականներ ունենան:

Անդրադառնալով հաշմանդամների խնդիրներին, Երիցյանն ասաց, որ փողոցներում, բուհերում չկան նրանց ազատ տեղաշարժվելու համարություններ, հետեւաբար այս առումով շատ-շատ անելիքներ կան: «ԱԻՆ-ում մենք հաշմանդամների համար ստեղծել ենք բոլոր պայմանները: ԱԻՆ-ում աշխատում են 20 սայլակավորներ եւ կաշխատեն եւս 10-ը: Երեւան քաղաքում մենք մոտավորապես 300 սայլակավորներ ունենք եւ պետք է բոլորն աշխատանքի ընդունվեն: Այս առումով աշխատանքները ավելի պետք է խորացնենք»,- ասաց Արմեն Երիցյանը: Նրա խոսքով՝ վետերանները, սայլակավորները պետք է իմանան, որ երեւանցիները, քաղաքապետը իրենց կողքին են:

Արմեն Երիցյանը հրավիրվածներին խոստացավ նաեւ  Կոմայգին դարձնել է վետերանների այգի, որտեղ միշտ համերգներ կկազմակերպեն, որ մեր վետերանները հավաքվելու տեղ ունենան: «Կոմայգում կկազմակերպենք շաբաթօրյակներ, կվերականգնենք մեր համերգների ավանդույթները եւ կմեծարենք մեր վետերաններին: Եթե մենք մեր մեծերին չհարգենք, իրենք մեզ կրկնակի անգամ չեն հարգի»,- կարծիք հայտնեց ՕԵԿ-ի թեկնածուն: