Սյունիքի մարզում մայիսի 1-ին տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով տուժած 41-ամյա Մալվինա Ղազարյանը մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:

Նրանց փոխանցմամբ`  նա բազմաթիվ կոտրվածքներ ուներ, վիճակը ծայրահեղ ծանր էր, եւ գիտակցության չգալով մահացել է:

Սյունիքի խոշոր վթարից տուժածներից  «Էրեբունի» բժշկական կենտրոնում է գտնվում նաեւ Մալվինա Ղազարյանի դուստրը`  21-ամյա Նոնա Թունյանը, ում վիճակը, բժիշկների գնահատմամբ, ծանր է: Մյուս վիրավորի` 23-ամյա Գրիգոր Ավետյանի վիճակը եւս ծանր է:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթեւ-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Պարզվել է, որ  «ԳԱԶ 2410» մակնիշի 62 ՏԼ 928 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել դեպի մոտակա ձորում գտնվող տաղավար-զրուցարանի վրա:

Վթարի  հետեւանքով մահացել են Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ, վարորդ՝ 37-ամյա Վրույր Ղազարյանը, եւ ուղեւորներ՝ 6-ամյա Սերոբ Ղազարյանը, 11-ամյա Սիլվիկ Ղազարյանը, 29-ամյա Հերմինե Օհանջանյանը, 15-ամյա Աիդա Թունյանը եւ տաղավար-զրուցարանում գտնվող Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ` 40-ամյա Հայկ Մարտիկյանը:

Վիրավորվել են ավտոմեքենայի մյուս ուղեւորներ (Քարահունջ գյուղի բնակիչներ)՝  23-ամյա Գրիգոր Ավետյանը, 41-ամյա Մալվինա Ղազարյանը, 21-ամյա Նոնա եւ 10-ամյա Վահե Թունյանները: