Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի մոտ), այսօր՝ մայիսի 2-ին, մեկնարկել է «Առաքելություն» կուսակցության հանրահավաքը:

Բացման խոսքով ելույթ է ունեցել կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը, այնուհետեւ հնչել է Հայաստանի հիմներգը:

Որպես պատվավոր հյուր, հանրահավաքին ներկա է Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, ում երեւանցիները կնքել են «գեներալ-նահանգապետ»:

Մանուկ Սուքիասյանն ասաց, որ քաղաքական գործիչները գալիս ու գնում են, իսկ Երեւանը մնալու է հավերժ:

«Առաքելություն» կուսակցությունը, որպես նորաստեղծ ուժ, տեսնում է որոշակի խնդիրներ: Մեր երկրում ընդհանուր առմամբ փակուղային վիճակ է ստեղծվել: Մեր կուսակցությունը նոր ուժ է, որը գալիս է այդ խնդիրները լուծելու»,-նշել է նա:

Հանրահավաքում ելույթ է ունեցել գիտնական Դավիթ Մուրադյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններն անվանել է կարեւորագույն իրադարձություն մեր քաղաքի կյանքում: «Երեք օր անց, մայիսի 5-ին, մենք Երեւանի ավագանի ենք ընտրելու»,-ընդգծել է նա:

Միջոցառմանը հնչել է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության ձայնագրությունը՝ հայտնի դերասան Խորեն Աբրահամյանի կատարմամբ: