Երեւանի ավագանու ընտրություններով կավարտվի ընտրական մեկամյա փուլը, որը չի կարելի սովորական համարել, ոչ էլ՝ անիմաստ։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Խորհրդարանական, նախագահական, մի քանի օրից էլ՝ Երեւանի ավագանու ընտրությունները լուրջ առիթ էին մտորելու Հայաստանի ապագայի մասին՝ թե իշխանության, թե քաղաքական ուժերի եւ թե հասարակության համար։ Այս ընտրություններից յուրաքանչյուրը «մեկ քայլ առաջ էին» նախոդների համեմատ եւ այս տիպի ստանդարտ ու ոչինչ չասող հայտարարություններով մխիթարվելը բացառում է մեր երկրում իրական զարգացումների հեռանկարները, որովհետեւ ինչ էլ հայտարարեն իշխանությունները, փաստն այն է, որ Հայաստանը լքողների թիվն իսկապես մտահոգիչ է, եւ այս տեմպերով դրա շարունակումը, թերեւս, արդեն ազգային անվտանգությանը լուրջ սպառնալիք կարող է հանդիսանալ։ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, մեկ անելիք ունեն՝ Հայաստանի զարգացման հեռանկարների եւ ՀՀ քաղաքացիների՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար օր ու գիշեր աշխատելու։
Սերժ Սարգսյանի փորձառությո՞ւնն էր, «Ճշգրիտ հաշվարկելու» նրա ունակությո՞ւնն էր, թե՞ քաղաքական ուժերի խելամտությունը, որ ընտրություններից երկուսը անցան անցնցում (վերջինն էլ թերեւս առանց անակնկալների կընթանա), դա ամենեւին էլ առիթ չի ոգեւորվելու եւ կոսմետիկ ինչ-ինչ աննշան շտկումներով Հայաստանի զարգացման ընթացքը թողնելու ինքնահոսի։ Իրականում անցնցում ընտրությունները կարող են ամենածանրը լինել Սերժ Սարգսյանի իշխանության համար, որովհետեւ իշխանություն պահելուց առավել կարեւոր է թերեւս հարցը, թե ինչու ես պահում:
1991-ից ի վեր նորանկախ Հայաստանն անցել է ամենածանր օրերը, բայց այդ բարդությունները հաղթահարելու կամքը մեր հասարակությունը ցույց է տվել պատերազմի դաժան տարիներին՝ չլքելով հայրենիքը։ Այսօր՝ 21-րդ դարում, երբ աշխարհը օրերի ու ժամերի ընթացքում է զարգացում ապրում, ՀՀ քաղաքացին իր ապագան այս երկրի սահմաններից դուրս է փնտրում։ Սա ամենացավոտ ապտակն է վստահաբար գործող իշխանությանը, եւ ոչ միայն իշխանությանը՝ ողջ քաղաքական դաշտին...»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։



























