Այս կամ այն հարցում ընդդիմության ներսում առկա վեճերը չպետք է վերածվեն սեւ PR-ի: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է ՀՅԴ համամասնական ցուցակը:
«Տհաճ է, որ մի շարք քաղաքական գործիչներ, հնարավոր է, ելնելով նախընտրական պաթոսից, մոռացել են գլխավոր նպատակի մասին եւ փորձում են ձայներ հավաքել այլոց հաշվին: Կարծում եմ՝ նրանց արտահայտությունները չեն արտահայտել իրենց կուսակցությունների կարծիքը»,-ասել է Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական ուժերի միջեւ մրցակցությունը չի ընդհատվում նաեւ միավորման ժամանակ եւ դա շատ բնական է: Ամբողջ իմաստն այդ մրցակցության կոռեկռությունն է: «Թեեւ մենք խոսում ենք միասնական ճակատի մասին՝ հանուն իշխանափոխության, բայց մեր մեջ էլ կարող են լինել տարաձայնություններ: Մեր հայացքները նույնական չեն: Բայց մի բան է խոսել այդ տարբերությունների մասին, լրիվ այլ բան է իրար վրա ցեխ լցնելը: Դա ոչ մեկին պատիվ չի բերում: Մնում է հուսալ, որ նմանատիպ առանձին դեպքերը չեն անցնի կրիտիկական սահմանը եւ չեն խանգարի Երեւանի ավագանու ընտրություններում ոչ իշխանական ուժերի միավորմանը»,-ամփոփել է Ռուստամյանը:




























