«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը հաստատել է ԲՀԿ դիրքորոշումը՝ կոալիցիայի ստեղծման հնարավորության հարցում:
Մայիսի 3-ին կայացած ասուլիսում մեկնաբանելով այդ հնարավորությունը, Ուրիխանյանը նշել է, որ ԲՀԿ-ն որոշ ժամանակ (4 տարի-խմբ.) եղել է կոալիցիայի կազմում, սակայն հասել էր պահը, երբ ԲՀԿ-ն իր ձայնը բարձրացրեց առկա խնդիրների մասին, եւ հայտարարեց, թե «իրենց չի դրսեւորում ստեղծված իրավիճակը»: Ըստ Ուրիխանյանի, հույսը, որ լինելով կոալիցիայի կազմում, կարող են ազդել քաղաքական մեծամասնության գործողությունների վրա, չարդարացավ. «Հետեւաբար, մեզ չբավարարեց ստեղծված իրավիճակը, եւ եթե չկան փոփոխություններ, մենք չենք շարունակի համագործակցել այդ ձեւաչափով, նոր կոալիցիա չենք կազմի: Ահա հայտնի պատասխանը հայտնի հարցին»,- նշել է նա` միաժամանակ հիշեցնելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ խմբակցությունը եւս փոխվել է 90 տոկոսով:
Ինչ վերաբերում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկին ԲՀԿ-ն ընդդիմադիր հռչակելու վերաբերյալ, Ուրիխանյանը նշել է, թե նման քննարկումների մասին կհայտնեն պատշաճ պահին: Նա նաեւ կանխատեսումներ չի արել Երեւանի ավագանու ընտրություններից հետո հնարավոր իրավիճակի մասին:




























