Ազգային ժողովում նոր վերադասավորումներ են: NEWS.am-ի տեղեկություններով` ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանն ազատվել է աշխատանքից: Նա նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական:

Իսկ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանն էլ նշանակվել է հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա սկզբին, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը 2 օր բացակայելու պատճառով աշխատանքից ազատել էր Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ, 20 տարվա աշխատակից Գոհար Պողոսյանին: Նրա նկատմամբ ծառայողական քննություներ էր սկսվել, իբր «հիվանդության մասին բժշկի կեղծ փաստաթուղթ ներկայացրելու համար»: Մինչդեռ Գոհար Պողոսյանը նշել է, որ իրեն առաջարկվել էր առանց բացատրության դիմում գրել աշխատանքից դուրս գալու համար, բայց ինքը հրաժարվել է:

Ի պաշտպանություն Գոհար Պողոսյանի, ստորագրահավաք էր կազմակերպվել, որին միացել էին 65 լրագրողներ: Դրանից հետո լրագրողները հանդիպել էին այն ժամանակվա ԱԺ նախագահի հետ` նրանց փոխանցելու իրենց հայտարարությունը, սակայն, Սամվել Նիկոյանն ասել էր, որ մտադիր չէ Գոհար Պողոսյանին վերականգնել նախկին աշխատանքին: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վերադառնալուն պես Գոհար Պողոսյանին նշանակել էր մամուլի քարտուղար: