Հայաստանի իշխող կուսակցությունը պատասխանատու չէ իր որեւէ անդամի ունեցվածքի համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` պատասխանելով լրագրողների` ՀՀԿ-ն ներկայացնող, Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին տված հարցերին: «Յուրաքանչյուր պետաշխատողի ունեցվածք հետաքրքրում է հասարակության լայն շերտերին: Ողջունում եմ խորհրդարանի Էթիկայի հանձնաժողովի քայլերը, որն առանց պաշտոնյաների հետ համաձայնեցման հրապարակում է նրանց եկամուտների մասին տեղեկություններ»,-ասել է նա:
Հարցին` արդյոք ՕԵԿ-ը պատասխանատվություն չի՞ զգում ՀՀԿ-ի` որպես կոալիցիոն գործընկերոջ համար, պատգամավորը պատասխանել է, որ համաձայն չէ հարցի ձեւակերպման հետ: «Կոալիցիան պատասխանատու չէ իր որեւէ անդամի ունեցվածքի համար: Դա ճիշտ է նաեւ իմ պարագայում. օրինակ, իմ ունեցվածքի համար եւս կոալիցիան պատասխանատվություն չի կրում»,-եզրափակել է Հովհաննես Մարգարյանը:




























