Երեւանի գործող քաղաքապետ։ Տարոն Մարգարյանն ազնվորեն հայտարարագրել է իր ունեցվածքը: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Հարցին, թե Տարոն Մարգարյանի ունեցվածքի հայտարարագիրը երեւանցիներին չի՞ զրկել հանգիստ քնից, Սահակյանը պատասխանել է, որ քաղաքապետը բաց հայտարարագրել է իր վաստակածը: «Դա հիմք է տալիս, որպեսզի նրանք, ովքեր անքուն գիշերներ են անցկացրել, կասկածելով հայտարարագրի արդարացիության մեջ, հնարավորություն ունենան դիմել իրավապահ մարմիններին»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին հայտարարագիրը համարել է հանցագործության մասին հաղորդագրություն տալու հիմք եւ ապրիլի 29-ին դիմել է Գլխավոր դատախազություն:

Դիմելով մամուլին, Սահակյանը հավելել է. «Որպես հետեւողական լրագրողներ, դուք, հնարավոր է, փորձեք հետեւել ոչ միայն նրա հայտարարագրին, այլեւ փորձեք պարզել, թե ով եւ որքան ունեցվածք է ձեռք բերել, եւ որքանով է դա օրինական»:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 5-ին, որին մասնակցում են 6 կուսակցություններ (ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Առաքելություն») եւ «Բարեւ Երեւան» դաշինքը:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am