Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կատարել է իր խոստումը, եւ հրապարակել մայիսի 2-ին կայացած ԱԺ նիստի ժամանակ բացակայող պատգամավորների ցուցակը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին բարկացած տոնով նկատողություն էր արել ԱԺ նիստերից բացակայող պատգամավորներին եւ հորդորել առաջնորդվել ԱԺ կանոնակարգ օրենքով, չբացակայել նիստերից ու նիստերի ժամին չքայլել միջանցքներում: Նա նաեւ հանձնարարել էր քարտուղարությանը ներկա-բացակա կատարել պատգամավորներին ու բացակայող պատգամավորի անունները հրապարակել:  Քարտուղարությունը  նիստի մեկնարկից, ընդմիջումներից առաջ եւ հետո 9 անգամ ներկա-բացակա է արել պատգամավորներին: 

Ըստ այդմ` անկախ պատգամավորներից Արայիկ Գրիգորյանը ու Խաչատուր Քոքոբելյանը ստացել են  7-ական բացակա, իսկ Էդմոն Մարուքյանը ընդամենը մեկ բացակա ունի:  «Ժառանգություն» խմբակցությունից առավելագույն 9 բացակա ստացել է Զարուհի Փոստանջյանը, ով ընդհանրապես չի մասնակցել մայիսի 2-ի նիստին,  իսկ Ալեքսանդր Արզումանյանը ստացել է 9 ներկա:

ՀՅԴ-ից մայիսի 2-ի նիստի աշխատանքներին ընդհանրապես չի մասնակցել Արմեն Ռուստամյանը,  7-ական բացակա ստացել են  Վահան Հովհաննիսյանը, Աղվան Վարդանյանը, Արմեն Բաբայանը: ՕԵԿ խմբակցությունը եւս մայիսի 2-ին չի փայլել նիստին ակտիվ մասնակցությամբ, խմբակցության բոլոր անդամները մայիսի 2-ի նիստից  7 անգամ բացակայել են, բացի Մհեր Շահգելդյանից, ով 6 անգամ է բացակայել նիստից: ՀԱԿ խմբակցության պատգամավորներից Նիկոլ Փաշինյանը առանց որեւէ բացակայության ներկա է եղել նիստին,  իսկ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը «ստացել են» 7 բացակա:

ԲՀԿ խմբակցությունը եւս աչքի չի ընկել մայիսի 2-ի նիստին ակտիվ մասնակցությամբ: Նիստին ընդհանրապես չեն մասնակցել եւ 9 բացակայի են արժանացել Լյովա Խաչատրյանը, Գագիկ Ծառուկյանը, Մարտուն Գրիգորյանը, Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Ռուստամ Գասպարյանը, Աբրահամ Մանուկյանը:  Խմբակցության պատգամավորներից Գրիգորի Մարգարյանը, Դավիթ Քոչարյանը, Մելիք Մանուկյանը, Մուշեղ Պետոյանը, Մխիթար Արշակյանը, Մերուժան Սիմոնյանը, Արագած Ախոյանը, Տիգրան Ստեփանյանը, Վահան Կարապետյանը, Հայկ Խաչատրյանը, Արմեն Ավետիսյանը Արայիկ Աղաբաբյանը «ստացել են» 8 բացակա: Խմբակցության պատգամավորներից ոչ-ոք օրվա ողջ ընթացքում ներկա չի եղել նիստին:

ՀՀԿ խմբակցության պատգամավորներից մայիսի 2-ի նիստից բացակայել են Արտակ Սարգսյանը, Սպարտակ Մելիքյանը, Ռուբեն Սադոյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարտին Սարգսյանը, Հակոբ Հակոբյանը, Կարեն Կարապետյանը, Առաքել Մովսիսյանը, Մարինե Մարաբյանը: 8  «բացակա» ստացել է Արթուր Ստեփանյանը, Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Մանվել Բադեյանը, Արման Սահակյանը:

ՀՀԿ խմբակցությունից նիստի աշխատանքներին ամբողջությամբ մասնակցել է Կարինե Պողոսյանը, Ալեքսան Պետրոսյանը,  Սուքիաս Ավետիսյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Խոսրով Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Մկրտիչ Մինասյանը, Հերմինե Նաղդալյանը:

Նկատենք, որ մայիսի 2-ի նիստին բացակայողների մեջ կան ինչպես «ԱԺ-ից մշտական բացականները», այնպես էլ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող թեկնածու-պատգամավորներ: 8 բացակա ստացած պատգամավորներն էլ պարզապես ներկայացել են նիստին, գրանցվել եւ հեռացել:

Ցուցակին կարելի է ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: