Այսօր՝ մայիսի 3-ին, Մամուլի ազատության համաշխարհային օրը, ՀՀ Նկարիչների միության շենքում բացվել է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով 3-րդ ֆոտոցուցահանդեսը:

Մեկշաբաթյա ցուցահանդեսի նպատակն է բարձրաձայնել տեղեկատվության իրավունքի իրացման մարտահրավերների եւ հնարավորությունների մասին եւ հիշեցնել կառավարությանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին եւ հանրության լայն շերտերին այդ իրավունքի իրացման գործում իրենց ունեցած դերի մասին: Ցուցահանդեսում ընդգրկված են 70 լուսանկար եւ ծաղրանկար, որոնք հետագայում կհրատարակվեն Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ կատալոգում:

«Մամուլի ազատության համաշխարհային օրը համընդհանուր նշվող այն նշանակալից տոներից է, որը շեշտում է տեղեկատվության եւ արտահայտվելու ազատության իրավունքները: Եվրամիությունը միշտ կողմ է եղել տպագիր մամուլի եւ այլ ԶԼՄ-ների բազմակարծությանը»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ողջունելով նախաձեռնությունը՝ գովեստի խոսքեր ասաց  կազմակերպիչներին եւ կարեւորեց մամուլի ազատության եւ տեղեկատվության մատչելիության դերը ժողովրդավարության արդյունավետության բարձրացման գործում` տեխնոլոգիաների եւ թվայնացման դարաշրջանում։ Նա կոչ արեց լրագրողներին հետաքննել եւ վերլուծել Տեղեկատվության ազատության մասին օրենքի միջոցով հասանելի դարձած տեղեկությունները, այդ խնդիրները ներկայացնել հասարակության լայն շերտերին եւ խրախուսեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին շարունակել իր լավ աշխատանքը:

«Այսօր այստեղ ներկայացված լուսանկարներն անհատական ստեղծագործ մտքի եւ խոսքի ազատության իրական վկայությունն են: ԵԱՀԿ-ն ուրախ է լինել այս միջոցառման մի մասը: Ես անձամբ գնահատում եմ, որ յուրաքանչյուր լուսանկար Հայաստանում քաղաքացի լինելու յուրահատուկ դրսեւորում է»,- նշեց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի Ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մկքոյը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ավելացրել է. «Այս տարի ցուցահանդեսի մասնակիցները առանձնապես ակտիվ էին: Մենք ստացել ենք ավելի քան 500 լուսանկար եւ ծաղրանկար: Այդ լուսանկարներում հերոսները բարձրաձայնում են իրենց անհամաձայնությունը մամուլի ազատության, իրենց տեղեկություն ստանալու իրավունքի դեմ ուղղված բռնության նկատմամբ»։

Մամուլի ազատության օրը նշվում է մայիսի 3-ին ողջ աշխարհում՝ եւս մեկ անգամ կարեւորելու լրատվամիջոցների ազատության հիմնարար սկզբունքները: Միավորված ազգերի գլխավոր ասամբլեան 1993 թվականին մայիսի 3-ը հայտարարեց Մամուլի ազատության օր՝ կարեւորելով ազատ եւ անաչառ մամուլի զարգացումը եւ դրա դերը ժողովրդավարական հասարակության կայացման եւ զարգացման գործում: