Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի` ամփոփիչ հանրահավաք չանցկացնելու որոշումը լիովին օբյեկտիվ բնույթ է կրում: Այս մասին մայիսի 3-ին ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է իշխող ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով Երեւանի ավագանու ընտրությունների շրջանակներում Տարոն Մարգարյանի եւ ՀՀԿ-ի քարոզարշավը:
Նրա խոսքով՝ Տարոն Մարգարյանն ընտրել է բակային հանդիպումների ձեւաչափը, որը բավականին արդյունավետ էր:
«Կուսակցության գնահատմամբ՝ հանդիպումներին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 95 հազար մարդ: Դրանից հետո խոշոր հանրահավաքի անհրաժեշտություն չի առաջացել: «Տարոն Մարգարյանը կարողացել է իր խոսքը երեւանցիներին այդ կերպ հասցնել: Ընդհանուր առմամբ, կարող եմ հավաստիացնել, որ որպես գործող քաղաքապետ նա լավատեղյակ է մայրաքաղաքի եւ նրա բնակիչների խնդիրներին»,-ասել է Սահակյանը:
Հիշեցնենք, որ իշխող ՀՀԿ-ն չեղյալ է հայտարարել Երեւանի Ազատության հրապարակում այսօր կայանալիք ամփոփիչ հանրահավաքը:




























