Երեւանցիները լավ գիտեն «Բարեւ, Երեւան» դաշինքի թեկնածուներին, որոնք սկզբունքային քաղաքական եւ հասարակական գործիչներ են, ու եթե արդար եւ ազնիվ ընտրություններ կայանան, մենք կստանանք ձայների 41 տոկոսը: Այդ մասին մայիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով գլխավորում է «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակը:

Մարտիրոսյանը միաժամանակ չցանկացավ կանխատեսել, թե որ քաղաքական ուժերը կանցնեն ավագանի: Նա նաեւ չի բացառել այլ ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունը ավագանիում, եթե դաշինքը մեծամասնություն չկազմի.«Մենք այսօր էլ պատրաստ ենք համագործակցել տեղամասերում ցանկացած քաղաքական ուժի հետ, որ ընտրությունների արդյունքների կեղծման դեմ պայքարի ցանկություն կհայտնի»:

Հարցին, կբողոքարկեն արդյոք ընտրությունների արդյունքները, եթե պաշտոնական թվերը չհամապատասխանեն իրականությանը, Մարտիրոսյանն ասել է, թե ամեն ինչ կախված է արդյունքներից. «Քարոզարշավի ընթացքում մենք բազմաթիվ խախտումներ ենք ներկայացրել ինչպես դատարաններ, այնպես էլ ԿԸՀ, բայց դրանից հետո էլ խախտումները շարունակվում են: Տեսնենք, թե ինչ իրավիճակ կլինի»: