Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Տակույա Հիրանոյին եւ նրա հետ քննարկել «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի կողմից գործունեության ընդլայնման, ՀՀ-ում «Մայքրոսոֆթ»-ի տարածաշրջանային հետազոտական կենտրոնի հիմնման հնարավորություններին առնչվող հարցեր:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս նախ շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, եւ մաղթել նորանոր ձեռքբերումներ՝ երկրի տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում:
Տակույա Հիրանոն պատրաստակամություն է հայտնել երկկողմ համագործակցության շնորհիվ ընդլայնել փոխգործակցության մակարդակը եւ նպաստել մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացին:
Միաժամանակ, կարեւորվել է մտավոր սեփականության ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացումն ու ապահովումը, ինչը Տակույա Հիրանոյի խոսքով, կարեւոր նշանակություն ունի ՏՏ ոլորտի զարգացման գործում:
Տեղեկացվել է, որ ներկայում քննարկման փուլում է գտնվում նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Մայքրոսոֆթ»-ի միջեւ հուշագրի ստորագրման նախագիծը՝ նոր կրթական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով:




























