Կայանալիք ավագանու ընտրություններում ԲՀԿ-ն կփորձի առավելագույնս նվազեցնել արդյունքների կեղծման ռիսկերը: Այս մասին հայտարարել է կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը` մայիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա, հաշվի առնելով, որ կեղծիքների հիմնական մասը կատարվում է ընտրատեղամասերից դուրս, ԲՀԿ-ն ուշադրություն կդարձնի ընտրողների ցուցակների ուսումնասիրմանը, իսկ ընտրատեղամասերից դուրս իրավիճակը վերահսկելու եւ նկարահանելու համար կուսակցության մեծ թվով կողմնակիցներ կներառվեն:

Պատասխանելով այն հարցին` արդյոք կուսակցությունը հասցրե՞լ է նախընտրական քարոզարշավի ընթացքում իրականացնել մտածած բոլոր ծրագրերը, Ուրիխանյանը նկատել է, որ կարողացել են իրականացնել իրենց  մտադրությունների զգալի մասը: Ընդ որում, նա նկատել է, որ լրատվամիջոցներում ներկայացվել են ոչ բոլոր հանդիպումներն ու միջոցառումները: Խոսելով ընտրողների վրա ճնշում գործադրելու մասին` Ուրիխանյանը նշել է, որ «փորձում են վախեցնել համապատասխան կարողություններ եւ սարսափելի կերպար ունեցողները»: Որպես օրինակներ նա մատնանշել է աշխատանքից հեռացնելու դեպքեր, որոնք ունեն բացահայտ քաղաքական դրդապատճառներ:

Մամուլի ասուլիսի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել ԲՀԿ-ի` նախօրեին տեղի ունեցած հանրահավաքին:

Խոսելով հանրահավաքին երեխաների եւ Աբոյանի բնակիչների ներկայության մասին, Ուրիխանյանը դրան շատ պարզ բացատրություն է տվել. Երբ միջոցառմանը մասնակցում է, օրինակ, 30 հազար մարդ, ապա բնական է, որ նրանց թվում կլինեն ինչպես երեխաներ, այնպես էլ այլ քաղաքների բնակիչներ: Նշենք, որ ասուլիսի ընթացքում «30 հազարը» բազմիցս է նշվել, ինչը մի փոքր չափազանցված է: Ուրիխանյանը նաեւ հայտարարել է. «Հուսով եմ, որ երեկվա հանրահավաքի մասնակիցների թվի պատճառով չէ, որ ոմանք հետաձգում են իրենց միջոցառումը»: Ամենայն հավանականությամբ, խոսքը ՀՀԿ ամփոփիչ հանրահավաքի մասին էր, որը պետք է կայանար Ազատության հրապարակում: