Ոստիկանության Եղվարդի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարությունյանի մահվան դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, այն պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոր գերեզմանի մոտ, այսօր` մայիսի 2-ին, հայտնաբերվել է ոստիկանության Եղվարդի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Կորյուն Հարությունյանը երեկ կեսօրին աշխատանքից դուրս է եկել եւ չի վերադարձել, չի պատասխանել նաեւ հեռախոսազանգերին: Որոշ ժամանակ անց սկսել են նրա որոնողական աշխատանքները: Փաստի առթիվ կատարվում է քննություն: Հանգամանքները պարզվում են:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ժամը 09.32-ին Կորյուն Հարությունյանի վարորդից տեղեկատվություն է ստացվել, որ իր ղեկավարը մայիսի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում «Նիսսան» մակնիշի 050 ՈU 03 համարանիշի ավտոմեքենայով (ծառայողական) դուրս է եկել Եղվարդի ոստիկանության վարչական շենքից եւ նրա գտնվելու վայրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:Ոստիկանները Հրազդան քաղաքի գերեզմանատանը կայանած իր ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերել են Կորյուն Հարությունյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

























