Իշխող կուսակցությունն ու պետությունը գրեթե նույնականացվել են: Դա վերաբերում է բոլոր ոլորտներին` ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական, տեղեկատվական, ընտրությունների բոլոր մակարդակներին: Այս մասին մայիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է կուսակցության համամասնական ընտրացուցակը:

Ըստ նրա, պետական ապարատը սահուն կերպով վերածվում է «անհրաժեշտ» ընտրությունների անցկացման ապարատի: «Պետության ամբողջ վարչական-գրասենյակային ռեսուրսը օգտագործվում է 1 նպատակով` գործող իշխանությունը պահպանելու»,-ընդգծել է Արմեն Ռուստամյանը` նշելով, որ երկրում գործում է մենաշնորհային համակարգ:

«Բոլոր պաշտոնյաները չեն կարող ինքնուրույն լինել, ավելին` իրենց պաշտոնները պահելու համար նրանք պարտավորված են չպահպանել օրենքները և անել հնարավոր ամեն բան իրենց ղեկավարներին դուր գալու համար»,-ընդգծել է ՀՅԴ ներկայացուցիչը:

Անդրադառնալով մայրաքաղաքի խնդիրներին` նա նշել է, որ աղբահանությունն, օրինակ, լավ աղբյուր է բյուջեն համալրելու համար: «Գործընթացի ճիշտ ղեկավարելը միանգամայն կարող է բյուջեի համալրման աղբյուր հանդիսանալ: Իսկ քաղաքային տրանսպորտի համար անհրաժեշտ է ներդնել կառավարման միասնական համակարգ»,-ասել է Արմեն Ռուստամյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին: