«Առաքելություն» կուսակցությունը հաջող քարոզարշավ է իրականացրել եւ կարողացել է դուր գալ երեւանցիներին, կիսվել իր մտքերով եւ մոտեցումներով: Այս մասին մայիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության համամասնական ընտրացուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը:

Ըստ նրա, քարոզարշավի ընթացքում կուսակցության ներկայացուցիչների մոտ ծայրահեղ մտահոգություն է առաջացրել որոշ լրատվամիջոցների կողմից ցուցաբերվող անջատողական վերաբերմունքը: «Այնուամենայնիվ, համոզված ենք, որ հասարակության որոշակի հատված կքվեարկի մեր օգտին»,-ընդգծել է Առաքելյանը` հավելելով, որ իրենց կողմից իրականացված քարոզարշավը վկայում է. «Յուրաքանչյուր առաքելություն իրագործելի է, եթե անգամ արգելքների է հանդիպում»:

«Առաքելության» համամասնական ընտրացուցակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Մանուկ Սուքիասյանը իր հերթին ընդգծել է, որ յուրաքանչյուր ընտրական գործընթաց նոր որակ է ապահովում եւ ինդիկատորի գործառույթ է կատարում: «Ընտրությունն անխուսափելի անհրաժեշտություն է»,-հավելել է Սուքիասյանը: