Թուրքական STV Haber հեռուստաընկերության «Վերջին իրավիճակ» հաղորդաշարի վարող Ասըմ Յլդրըմը այնպիսի մեկնաբանություն է արել փետրվարի 23-ի Բալըքեսիրի հանքահորի պայթյունի հետ կապված, որ հեռուստադիտողները զարմանքը չեն կարողացել թաքցնել։

Հաղորդավարը հիշեցրել է 2009-ի դեկտեմբերին Բուրսայի հանքահորերից մեկում տեղի ունեցած պայթյունը եւ նշել, որ դրանից մեկ օր առաջ Ստամբուլի հանրապետական դատախազություն էին կանչվել գեներալներ Իբրահիմ Ֆրթընան, Այթաչ Յալմանը, Օզդեն Օրնեքը։

«Երեկ էլ տեղի ունեցան գեներալների ձերբակալություններ „Մեծ մուրճ“ հեղաշրջման ծրագրի շրջանակներում, եւ ցավոք այսօր տեղի ունեցավ Բալըքեսիրի հանքահորի պայթյունը, որին զոհ գնաց 17 հոգի։ Ափոսոս, որ սրանք զուգադիպում են իրար։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,-նշել է հեռուստամեկնաբանը։

Նշենք, որ «Մեծ մուրճ» գործողությունների նախագծի շրջանակներում ձերբակալվել են 21 գեներալ եւ 28 բարձրաստիճան զինվորականներ։ Նրանցից 7-ի դեմ արդեն մեղադրանք է ներկայացվել, իսկ 6 հոգի էլ ստորագրությամբ ազատ են արձակվել։

Թուրքական Taraf-ի կողմից հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ «Մեծ մուրճ» գործողությունների ծրագիրը իր մեջ ներառում էր եւս չորս ծրագրեր, որոնց արդյունքում պետք է ռազմական հեղաշրջում տեղի ունենար։

Նախատեսված է եղել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պայթեցնել մզկիթներ, Էգեյան ծովի վրա գցել ռազմական օդանավեր, դրանցով ցույց տալ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թուլությունը եւ իրականացնել հեղաշրջում։