Շատերը կարծում են, որ «Առաքելություն» կուսակցությունը քաղաքական փորձ չունի, այնուամենայնիվ, տվյալ հանգամանքը էական դեր չի խաղացել եւ հասարակությունը սկսել է վստահել մեզ: Այս մասին մայիսի 3-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը` հավելելով. «Քանի որ մենք նոր քաղաքական ուժ ենք, մեր հաղթանակը դիտարկում ենք նվազագույն շեմի հաղթահարման համատեքստում»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչների հետ համագործակցությանը, Սուքիասյանը հիշեցրել է, որ ժամանակին իրենք արդեն հանդես են եկել նման նախաձեռնությամբ եւ ընտրություններից հետո պատրաստվում են աջակցել ընդդիմության համախմբմանը:

«Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մայիսի 5-ին` քվեարկության օրը, ընտրատեղամասերում ներկա կլինեն ավելի քան 300 վստահված անձինք:

Ի պատասխան այն հարցին` արդյոք դիտարկվում է քվեարկությունից հետո որեւէ քաղաքական ուժին միավորվելու հարցը, Առաքելյանն ու Սուքիասյանը միաձայն բացառել են իրադարձությունների նման զարգացումը: «Միանանք, որ ի՞նչ անենք»,-հեգնանքով է արձագանքել Մանուկ Սուքիասյանը: