«Գազպրոմ» ԲԲԸ միջշրջանային արհմիութենական կազմակերպության ղեկավար Վլադիմիր Բաբկինը որսի ժամանակ կրակել է «Գազպրոմ-Նադիմ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Կոնստանտին Պավլովի վրա։

Դեպքը պատահել է փետրվարի 18-ին, Պերմի մարզի Չայկովսկի շրջանում։ «Пермский обозреватель» պարբերականի հաղորդմամբ, «Տրանսգազ» ընկերության տնօրենը «Գազպրոմի» աշխատակիցներին հրավիրել է որսի։

Բաբկինը որսի ժամանակ ուրիշի հրացանից կրակել է Պավլովի վրա։ 37-ամյա աշխատակիցը փորի հատվածում ստացած հրազենային վնասվածքով անմիջապես հոսպիտալացվել է, սակայն հիվանդանոցում նրա կյանքը փրկել չի հաջողվել։

«Вести»-ի հաղորդմամբ, իրավապահ մարմինները դեպքի վայրում հայտնաբերել են սպանված եղջերու, որին որսալու իրավունք որսորդները չեն ունեցել։