27-ամյա Արամ Ղազարյանը վիճաբանելով Նվեր Սերգիյանի հետ նրան դիտավորյալ գցել է ավտոմեքենայի տակ եւ սպանել: Սեւանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 27-ամյա Արամ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վիճաբանելով Նվեր Սերգիյանի եւ նրա ընկերների հետ, Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ երկաթգծի Սեւան կայարանի դիմաց գտնվող հրապարակում, խուլիգանական դրդումներով, Նվեր Սերգիյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով «Միփսուբիշի» մակնիշի ավտոմեքենայով պտույտներ է կատարել հրապարակում, այն վարել է Նվեր Սերգիյանի վրա նրան գցել է մեքենայի տակ ու դիտավորությամբ զրկելով կյանքից՝ դիմել է փախուստի: Մինչ այդ նրանք վիճաբանել են:
Բացի այդ Այգեվան-Եղեգնավան միջհամայնքային ավտոճանապարհին առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակից Ատոմ Ասատրյանի նկատմամբ՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Քրեական գործ է հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 10-րդ կետով (սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ: Քրեական գործ է հարուցվել նաեւ 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-400-պատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել մայիսի 2-ին: Առաջիկայում կնշանակվի նոր դատական քննության օրը:



























