23-ամյա  Կարլեն Սարգսյանն իր համակրած աղջկան՝ Երեւանի դպրոցներից մեկի աշակերտուհի Լ. Ս-ին, նայելու համար վիճաբանության ընթացքում դանակահարել է նրան նայող տղայի ընկերոջը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա  Կարլեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր համակրած աղջկան՝ Լ. Ս-ին, նայելու համար պարզաբանումներ ստանալու նպատակով Երեւան քաղաքի Մաշտոցի 31/18 շենքի հետնամասում վիճաբանել է Կարեն Հակոբյանի, նրա ընկերներ Գարեգին Ղարիբյանի եւ Ալեքսեյ Օհանջանյանի հետ, որի ժամանակ սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է Գարեգին Ղարիբյանի որովայնի շրջանին: Նա վերջինիս առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ որովայնի առաջային պատի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձեւով, որն ուղեկցվել է փայծաղի վնասումով, ներքին արյունահոսությունով եւ հեմոպերիտոնեումով:

Քրեական գործ է հարուցվել 112  հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: