Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետեւանքով մահացել էր 26-ամյա Դավիթ Հայրապետյանը, պարզվում է, նախապատմություն է ունեցել: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում.
«Ըստ մեր տեղեկությունների՝ մինչ այդ վթարը Դավիթ Հայրապետյանի «BMW» մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է ՃՈ աշխատակիցը եւ փորձել է տուգանել արագությունը գերազանցելու համար: Մեքենայի վարորդը, սակայն, զանգահարել է ինչ-որ մեկին եւ ասել, որ խոսի ՃՈ աշխատակցի հետ, որպեսզի իրեն չտուգանի: ՃՈ աշխատակիցը համաձայնել է, բայց պայմանով, որ վարորդի հետ եղած մյուս երեք հոգին իջնեն մեքենայից եւ ինքը մենակ գնա, քանի որ ի վիճակի չէ մեքենա վարել: Երեք հոգին իջել են մեքենայից, եւ Դավիթը շարունակել է ճանապարհը, սակայն րոպեներ անց տեղի է ունեցել դժբախտ պատահարը: Այս տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի հետ:
Վերջինս մեր հարցերին ի պատասխան ասաց. «Առաջին անգամ եմ նման տեղեկություն լսում, իմաստը չեմ հասկանում, մեր պրակտիկայի մեջ դեռ նման դեպք չի գրանցվել (որպեսզի ՃՈ աշխատակիցը 3 հոգու իջեցնի մեքենայից, իսկ վարորդին չտուգանի ու թողնի գնա-խմբ.)»,- ասաց Արսեն Արշակյանը: Վերջինիս արտահայտած զարմանքը հասկանալի է: Իսկ ո՞ւմ համարին կատարած զանգը կարող էր այդքան ազդեցիկ լինել ՃՈ աշխատակցի համար:
Ըստ տարածված տեղեկությունների, երիտասարդի հայրը աշխատում էր Միխայիլ Բաղդասարովի հետ, բավական բարձր պաշտոն է զբաղեցրել վերջինիս պատկանող ընկերություններից մեկում, իսկ նախկինում եղել է ճանաչված օդաչու: Ըստ որոշ տեղեկությունների նա ինչ-որ ժամանակահատվածում եղել է նախագահական ինքնաթիռի օդաչուն:
Տեղեկություններ կան նաեւ, որ զոհված երիտասարդի հոգեհանգստին մասնակցել Է Սերժ Սարգսյանը: Այս ամենի համադրումից դժվար չէ կռահել, որ երիտասարդի ծանոթների շրջանում ոստիկանին զանգահարող եւ հրահանգներ տվող անձանց պակասություն չի զգացվել»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

























