Երեւանում, մայիսի 7-ին, «Ռուսական գրքի տուն» խանութ-սրահում, տեղի կունենա հանդիպում «Հայաստանը սիրո աղբյուր» գրքի հեղինակ Վիկտոր Կոնոպլյովի հետ:
«Հայաստանը սիրո աղբյուր» բանաստեղծությունների ժողովածուն հրատարակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, «Նիժեգորոդսկի հայկական համայնք» հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Ձեռնարկում ներառված են բանաստեղծություններ Արցախի, Հայաստանի եւ հայերի մասին, որոնք բանաստեղծը գրել է 2006-2012թթ. ընկած ժամանակաշրջանում, ինչպես նաեւ դրանց թարգմանությունները, որոնք կատարվել են բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Արցախի Պետական Համալսարանի պրոֆեսոր Սոկրատ Խանյանի կողմից:
Գրքին կցված է ձայնասկավառակ բանաստեղծությունների հեղինակային կատարմամբ: Գրքի վաճառքից հավաքված ողջ հասույթը կտրամադրվի Արցախյան գոյամարտի մասնակից Նորայր Զաքարյանի վիրահատմանն ու բուժմանը:
Վիկտոր Կոնոպլյովը ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ՝ ուղղված միջհայկական եւ ռուս-հայկական կապերի հաստատմանը եւ ամրապնդմանը, Եղեռնի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցերի առաջխաղացմանը: Նա հայկական թեմատիկայով մի շարք ինտերնետային նախագծերի հեղինակ է: 2010թ. Իր գործունեության համար պարգեւատրվել է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից, 2011թ. ստացել է մեդալ՝ «Արցախի Պետական Համալսարանի 40 ամյակ», 2012թ. ստացել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Ադմինիստրացիայի պատվոգիր եւ Զոհված Ազատամարտիկների Միության «Մայրական երախտագիտություն» մեդալ:




























