ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված եւ Բելգիայում վիրահատված Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է: Նրա քրոջ որդին` Վրեժ Զատիկյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վիրահատությունից հետո բարդություններ կան: «Հայրիկյանի մարմնի մեջ ինչ-որ բան են դրել, որը պետք է ներծծվի ամիսների ընթացքում, այժմ արյունոտ հեղուկ է դուրս գալիս  վիրահատության տեղից, բժիշկները ծակում, հանում են այն: Բժիշկների կարծիքով` դա չպետք է լիներ, երեւի մարմինը չի ընդունում, հույս ունեն, որ արտադրությունը դրանից է եւ կվարժվի ժամանակի ընթացքում»,- ասաց նա:

Վրեժ Զատիկյանի խոսքով` մինչեւ մյուս շաբաթ պարզ կլինի, թե ինչի հետեւանքով է արյունոտ հեղուկ դուրս գալիս, այժմ նախագահի նախկին թեկնածուն բժիշկների հսկողության ներքո է:

ԱԻՄ առաջնորդը ցանկանում էր ապրիլի 29-ին վերադառնալ Հայաստան, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով դա չհաջողվեց., այժմ հայտնի չէ` երբ կվերադառնա:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար: Հայրիկյանի դեմ մահափորձի գործն արդեն ուղարկվել է դատարան, այն կքննվի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Գործը վարույթ է ընդունվել ապրիլի 23-ին, իսկ առաջին նիստը, մեր տեղեկություններով, կկայանա մայիսի կեսերին:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունն մարտի 28-ին, 20.5 մլն դրամ է հատկացրել առողջապահության նախարարությանը՝ Պարույր Հայրիկյանի բուժման ծախսերը արտասահմանում փոխհատուցելու նպատակով: Գումարը հատկացվել է  կառավարության պահուստային ֆոնդից: 2013թ.  նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ մահափորձ էր կատարվել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Նրա բուժումը կազմակերպվել էր Երեւանի մասնագիտացված բուժհաստատություններում, սակայն առողջության լիարժեք վերականգման համար նպատակահարմար է շարունակել բուժումը արտերկրում: Նախնական հաշվարկներով՝ բուժումը արտերկրում հնարավոր է կազմակերպել մոտ 20,500.0 հազ. դրամով (մոտ 50 հազ. դոլար):

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am