31-ամյա Արմեն Եգորյանն «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Գավառ քաղաքի բնակչուհի Հ. Ս.-ի հետ, նրանից իր ազատման համար խոշոր գումար է պահանջել՝ խոստանալով դուրս գալուց հետո ամուսնանալ նրա հետ: Արթիկի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 31-ամյա Արմեն Եգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ հոկտեմբերի 9-ի ավազակության համար դատապարտված լինելով 9 տարվա ազատազրկման, նույն թվականի դեկտեմբերի 21-ից «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում կատարել է նոր հանցագործություն:
Նա «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Գավառ քաղաքի բնակչուհի Հ. Ս.-ի հետ, ներկայացել «Արմեն Սարգսյան» անուն ազգանունով, հաղորդագրություններով եւ հեռախոսազանգերով նրա հետ շփվելու ընթացքում խաբել, որ իբր ամուսնացած չէ, դատապարտվել է վրաերթ կատարելու համար 1 տարի ժամանակով ազատազրկման եւ մնացել է պատիժը կրելու 6 ամիս եւ խոստացել է ամուսնանալ Հ. Ս.-ի հետ:
Խաբելով, որ 2012թ սեպտեմբերի 7-ին վաղակետ ազատվելու համար իրեն գումար է անհրաժեշտ, որը ազատվելուց հետո նույն օրը կվերադարձնի, խաբեությամբ եւ Հ. Ս.-ի վստահությունը չարաշահելով՝ 2012թ սեպտեմբերի 3-ից մինչեւ սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում իր ուղարկած մարդկանց միջոցով նրանից վերցրել է 1,978 մլն դրամին համարժեք խոշոր չափի ընդհանուր արժողությամբ 12 անուն ոսկյա զարդեր եւ 100 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, դրանք ծախսել անձնական կարիքների համար եւ չի վերադարձրել:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խուլիգանություն խոշոր չափերով: Որոշումը ուղարկվել է կողմերին մայիսի 2-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

























