Մայիսի 5-ին՝ Երեւանի Ավագանու ընտրությունների օրը, ընտրական հանձնաժողովների 3712 անդամներից ընտրատեղամասեր չեն ներկայացել 12-ը: Այդ մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա հայտնել է, որ Երեւանում բացվել է 464 ընտրատեղամաս: Ժամը 7-ին բոլոր ընտրատեղամասերում կայացել է նիստ: Չներկայացած 12 անդամներից երկուսին նշանակել էին տարածքային ընտրական հանձնաժողովները, երկուսին՝ «Ժառանգության» խմբակցությունը, երկուսին՝ ՀՅԴ խմբակցությունը: Հանձնաժողովների նախագահների բացակայություն չի գրանցվել: «Ժառանգության» երկու ներկայացուցիչները հանձնաժողովների քարտուղարներ են: «Նոր նշանակումներ չեն կատարվել, քանի որ բոլոր տարածքային հանձնաժողովներում անդամների թիվը յոթից քիչ չէ»,- ասել է Տիգրան Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը հիշեցրել է, որ դիտորդական առաքելություն են իրականացնում 26 հասարակական կազմակերպություններ, այդ թվում 6613 տեղական դիտորդներ, 12 դիտորդներ Եվրոպայի Խորհրդի տեղական եւ տարածքային կառավարման կոնգրեսից:
Ընտրողների անձնագրերում ընտրությանը մասնակցելու փաստն արձանագրող կնիքների թանաքը փորձարկվել է, հանձնաժողովների անդամները գիտեն դրանց օգտագործման կարգը:
«ԿԸՀ են հրավիրվել կուսակցությունների ներկայացուցիչները, նրանց ներկայությամբ թանաքը փորձարկվել է»,- հայտնել է Տիգրան Մուկուչյանը եւ կոչ է արել քաղաքացիներին թանաքը ջնջելու նպատակով տարբեր փորձարկումների չդիմել, քանի որ կարող են փչացնել անձնագիրը:
Հիշեցնենք, որ Երեւանի Ավագանու ընտրությունները մեկնարկել են ժամը 8-ին:
Ընտրապայքարին մասնակցում են ՀՀԿ-ն, «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Առաքելությունը»: Ընտրությունը համամասնական է՝ կուսակցական ցուցակներով:




























