Երեւանի թիվ 13/27 ընտրատեղամաս (թիվ 67 մանկապարտեզ` Վարդաշեն) մուտք գործած ՀՀԿ անդամ ներկայացած Զավեն Սարգսյանը, հարբած վիճակում, հայհոյել եւ սպառնացել է դիտորդներին, որից հետո նրան են միացել սպառնալիքներով եւս մի քանի անհայտ անձինք: Առկա են մեծ կուտակումներ և իրավիճակը տեղամասում անվերահսկելի է: Այս մասին ահազանգ է ստացել «Թրանսփարենսի ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնը:

Ստորեւ ներկայացնում ենք կենտրոնի ներկայացրած վերջին ընտրախախտումները:

13/20 տեղամասում` 18 մանկապարտեզ, Արցախի փ., ՀՀԿ անունից ընտրական հանձնաժողովի անդամներին բաժանվել է սնունդ եւ ըմպելիք: 11:25

07/29 տեղամասում հանձնաժողովի կազմում փորձ է կատարվում փոփոխություն անել, փոխարինելով ՀՀԿ-ական անդամին մեկ այլ ներկայացուցչով: 10:14

07/15 տեղամասում (գյուղխորհրդի շենք, Հաղթանակ` 6), դիտվում են մարդկանց կուտակումներ և տեղամասի հարակից տարածքում առկա է 50-ից ավելի մարդ: Կատարվում է ուղղորդված քվեարկություն: 72 եւ 82 համարի երթուղային տաքսիներներով մարդկանց բերում են ընտրատեղամասեր, այդ հարցով ոստիկանները համագործակցում են հանձնաժողովի նախագահի հետ, ով ՀՀԿ-ական է: Մեկ հոգի ուներ երկու քվեաթերթիկ: Դիտորդի տպավորությամբ` ակնհայտ անգործունակ մարդկանց են ուղղորդում: Հանձնաժողովի նախագահը միջոցներ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու համար:

07/16 տեղամասում` 113 դպրոց, Հաղթանակ փ., հանձնաժողովի անդամը (ՀՀԿ) գոռացել է դիտորդի վրա, փորձել է դուրս հրավիրել տեղամասից, դիտորդը հանձնաժողովի նախագահից պահանջել է, որպեսզի քարտուղարն արձանագրի իր իրավունքներին ոչ իրավաչափ միջամտության փաստը, սակայն, վերջինս հրաժարվել է. խոչընդոտվել է դիտորդի աշխատանքը: