Երեւանի թիվ 13/24 տեղամասում (Չուխաջյան երաժշտական դպրոց, Ռոստոմյան փողոց), մարդկանց կուտակումներ են, ուղղորդված քվեարկություն է ընթանում, լարված վիճակ է, բազմաթիվ նոր անձնագրեր կան, որ տրվել են 2013 թվականին: Այս մասին ահազանգ է ստացել «Թրանսփարենսի ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնը:

Բացի այդ, ըստ կենտրոնի՝ 09/28 տեղամասում (Նորագյուղ), թաղի տղերքը լցվել են տեղամաս, հայտարարել, որ դուրս չեն գալու` ինչ էլ անեն եւ թելադրում են ընտրողներին` ինչն ինչպես անել, հանձնաժողովի նախագահը անկարող է կարգավորել իրավիճակը: 12:08

08/28 ընտրատեղամասում` 91 դպրոց, Ախպարաշեն, անընդհատ մուտք են գործում ՀՀԿ ներկայացուցիչներ, որոնք նույնիսկ դուրս հրավիրվելուց հետո, քիչ անց կրկին մուտք են գործում տեղամաս: Հանձնաժողովի անդամները լիովին չեն տիրապետում իրավիճակին:

07/13 տեղամասում (176 դպրոց, Ա-1 թաղամաս), երկու ընտրող եկել են անձնագրի մեջ ջնջված կնիքով ու փորձել կրկնակի քվեարկել, երբ դիտորդը նկատել է դա, նրանցից մեկը, ով կին է եղել, աղմուկ է բարձրացրել, գոռգոռացել եւ հեռացել է ընտրատարածքից: