ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկել է Երեւանի Հրաչյա Աճառյանի անվան դպրոցում:

Մինչեւ քվեարկելը նրան է մոտեցել այդ ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցող մի կին եւ խնդրել է աջակցել Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի վերանորոգմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կփորձի տեղ հասցնել բարձրացված խնդիրը, ինչին ի պատասխան կինն ասել է, որ կգա ու «կպաչի նրա ճակատը»: «Որովհետեւ չի կարելի,  էն էլ Աճառյանի անվան դպրոցն այս վիճակում լինի»,-ասել է նա:

Քվեարկելուց հետո ԱԺ նախագահը ասաց, որ քվեարկել է հանուն ավելի լավ Երեւանի: Հովիկ Աբրահամյանը գնացել է ՀՀԿ կենտրոնական շտաբ՝ հետեւելու ընտրությունների ընթացքին: Նա չի բացառել Երեւանի ավագանիում եւ ՀՀ կառավարությունում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կոալիցիայի ստեղծումը: Իսկ թե քանի նախարար կփոխվի կառավարության կազմում, ԱԺ նախագահը չասաց՝ խնդրելով սպասել եւս երկու օր:

Երեւանի Ավագանու ընտրությունները մեկնարկել են ժամը 8-ին: Բացվել է 464 ընտրատեղամաս:

Ընտրապայքարին մասնակցում են ՀՀԿ-ն, «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Առաքելությունը»: Ընտրությունը համամասնական է՝ կուսակցական ցուցակներով: