«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները ընտրախախտումների մասին տեղեկություններ է փոխանակում բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, այդ թվում՝ «Ժառանգության»։ Այս մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդան Օսկանյանը՝ քվեարկությանը մասնակցելուց հետո։  «Պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, որը փորձում է ապահովել արդար ընտրական գործընթաց։ Ուստի համագործակցում ենք ոչ միայն ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ, այլեւ՝ «Ժառանգության»»,-հավելել է նա։

Կուսակցության ներկայացուցիչները արդեն գրանցել են մի շարք խախտումներ, մասնավորապես, գունավոր գրիչների առկայություն։  «Այդ բոլոր մեխանիզմները վաղուց հայտնի են եւ վկայում են գերակայությունն ապօրինի եղանակով հաստատելու ձգտման մասին։ Մենք տեղեկություններ ենք հավաքում ցանկացած բնույթի ընտրախախտումների մասին»,-հայտարարել է նա։

Այն հարցին, թե ինչի համար է քվեարկել, Օսկանյանը պատասխանել է. «Հանուն Երեւանի ապագայի։ Այս ընտրություններն իսկապես կորոշեն մեր մայրաքաղաքի եւ մեր հասարակության ապագան ապագա ամիսների եւ տարիների ընթացքում»,-հայտարարել է Օսկանյանը։ Նա զերծ է մնացել հետընտրական դաշինքի վերաբերյալ մեկնաբանություններից եւ  ԲՀԿ-ի՝ ավելի վաղ արված հայտարարություններին ոչինչ չի ավելացրել։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանում կկայանան արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում կբացվեն 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 457 է:

Ընտրապայքարին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարեւ Երեւան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, ՀՅԴ-ն, «Օրինաց Երկիրը» եւ «Առաքելությունը»: