Մենք Հայաստանի Հանրապետությունում չունենք այնպիսի ոստիկան, որ տեսնի` կատարվում է հանցագործություն կամ իրավախախտման դեպք եւ չարձագանքի, չմիջամտի, հնարավոր չէ այդպիսի բան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նա նշեց, որ իրենք եւս ահազանգեր են ստացել` կապված տեղամասերում կուտակումների, ընտրակաշառքներ բաժանելու հետ:

Երեւանի փոխոստիկանապետն ասաց, որ իրենք ամենուր ունեն ոստիկաններ, համապատասխան քանակի վերակարգեր, որոնք տիրապետում են իրենց գործառույթներին, պատշաճ իրականացնում են իրենց գործառույթները:

Ինչ վերաբերում է Մալաթիա-Սեբաստիա եւ Էրեբունի վարչական շրջանների տեղամասերում առանձնակի լարվածությանը եւ ոստիկանների թույլ վերահսկողությանը, Վալերի Օսիպյանն ասաց, որ նման բան չկա, հնարավոր չէ, որ ոստիկանները տեսնեն իրավախախտում եւ չմիջամտեն ու չարձագանքեն: Երեւանի փոխոստիկանապետն ասաց նաեւ, որ ոստիկանների աշխատանքը խոչընդոտելու փորձ չի եզել թաղային հեղինակությունների, գողականների կողմից: «Անկեղծ ասած` կուզեինք, որովհետեւ դրան համապատասխան կարժանանային օրենքի խիստ պատժի»,- ասաց նա`  հավելելով, որ որեւէ խոչընդոտ չկա եւ իրենց համար դժվար չէ վերահսկողություն իրականացնել Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի վարչական շրջաններում:

Երեւանի փոխոստիկանապետն ասաց, որ իրենք համագործակցում են ընտրություններին մասնակցող 6 կուսակցությունների եւ 1 դաշինքի հետ, եթե դեպքեր լինում են, շատ արագ արձագանքում են, կարգավորում օրենքի շրջանակներում:

Հարցին, թե Երեւանի ընտրություններին է դժվար վերահսկողություն իրականացնել, թե խորհրդարանական, նախագահական ընտրություններում, Վալերի Օսիպյանը պատասխանեց, որ իրենք ոստիկաններ ենք, ծառայություն են իրականացնում, իրենց համար տարբերություն չկա: