Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Facebook-ի իր էջում հայտարարել է, որ Երեւանի ավագանու ընտրությունները հերթական կեղծված ընտրություններն էին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Դիտորդների փոխանցմամբ, Երեւան քաղաքի այսօրվա ընտրությունները կրկին ուղեկցվեցին համատարած ընտրախախտումներով եւ բացահայտ ընտրակաշառքի դեպքերով: Այս տարվա փետրվարին տեղի ունեցած կեղծված նախագահական ընտրություններից հետո, Երեւանի ընտրությունները հերթական կորսված հնարավորությունն էին՝ Հայաստանում ժողովրդավարության առաջընթաց արձանագրելու եւ ավելի լավ ընտրություններ անցկացնելու առոմով:

Այսօրվա ընտրությունների անցկացումը լուրջ հետընթաց էր եւ նոր վնաս է հասցնելու երկրի դեպի ժողովրդավարություն շարժմանը։

Այս ընտրություններում 6 կուսակցություններ եւ մեկ նախընտրական դաշինք ձգտում են հաղթահարել ձայների 6 տոկոսի շեմը՝ քաղաքի ավագանու կազմում ներկայություն ապահովելու համար: Այս ընտրությունների արդյունքում, նոր ավագանին, ամենայն հավանակությամբ, Երեւանի քաղաքապետի պաշտոնում կվերընտրի Տարոն Մարգարյանին:

Ցավոք, մայիսի 5-ը Հայաստանի եւ Երեւանի բնակչության համար հերթական կորսված ու հիասթափեցնող օրն է»: