Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող թիվ 3/19 ընտրական տեղամասում Ֆոքս մականունով ոմն դիտորդ հարվածել է հանձնաժողովի «Ժառանգության» ներկայացուցչի դեմքին, սեղանից վերցրել գրանցամատյանը եւ դիմել փախուստի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ավագանու թեկնածու, թիվ 3 ընտրատարածքի պատասխանատու Արթուր Գասպարյանը
Նա պատմեց, որ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը այդ տեղամասում «բռնացրել է» երկու անձանց, որոնք Նոր Նորքի 7-րդ զանգվածի գրանցում ունեն, բայց քվեաթերթիկ էին ստացել, ընտրություն կատարել: Նա այդ անձանց չի թողել քվեաթերթիկը նետել քվեատուփի մեջ, անձնագրերը վերցրել է ձեռքից եւ փորձել է արձանագրել: «Այդ պահին նրան է մոտեցել ոմն դիտորդ, անունը չգիտեմ, ածական անունը Ֆոքս, հանձնաժողովի անդամ, քարտուղար Մարիամ Կարապետյանի ձեռքից խլել է անձնագրերը, սեղանից վերցրել է գրանցամատյանը, դրանով հարվածել Մարիամի դեմքին եւ երկուսի հետ միասին դիմել փախուստի»,- ասաց Արթուր Գասպարյանը` հավելելով, որ դեպքի մասին տեղյակ են պահել ոստիկանությանը, վերջինս հետաքննություն է իրականացնում:



























