Երեւանի թիվ 08/06 տեղամասում (№ 90 դպրոց` Բատիկյան փ.), այլեւս ընտրող չկա, հանձնաժողովի անդամները բոլորի աչքի առաջ ցուցակներում ստորագրում են ընտրությունների չեկած ընտրողների փոխարեն, իսկ դիտորդներին ու լրագրողին սաստում են՝ «իրար չգաք» ասելով: Այս մասին ահազանգ է ստացել «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը:

Մինչ այդ, նույն տեղամասում, բազմաթիվ մարդիկ մտնում էին առանց մատյանում գրանցվելու քվեաթերթիկ էին ստանում, քվեարկում եւ հեռանում: Կուտակումներ, խառնաշփոթ ու ժխոր է տեղամասում, հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իրավիճակին, կամ` իրեն այդպես է պետք, դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների բազմաթիվ դիտողություններին եւ խախտումները գրանցելու պահանջները մերժվում են համառորեն:

07/10 տեղամասում (№ 84 մանկապարտեզ, Շերամի փ.), դիտվում են ընտրողների կուտակումներ եւ կողմնակի անձանց առկայություն. տեղամաս են մտնում անձինք (հիմնականում կրկնվում են 3-ը), ովքեր ուղեկցում են տեղամաս բերված ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցամատյանում գրանցել փաստի վերաբերյալ հայտարարույթունը:

08/10 ընտրատեղամասում (№ 97 մանկապարտեզ, Ա-3 թաղամաս), ներկա են դիտորդներ, ում մոտ եղած դիտորդական կազմակերպության վկայականները բնօրինակներ չեն՝ պատճենի տեսքով են: Դրա մասին Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդը ահազանգել է հանձնաժողովի նախագահին, սակայն նա հրաժարվել է մեկնաբանել կամ գրանցել փաստը գրանցամատյանում:

07/29 տեղամասում (№ 146 դպրոց, Լուկաշինի փ.), դիտվում են կողմնակի անձինք եւ մարդկանց կուտակումներ. անօրինական քարոզչություն է ընթանում, ահաբեկում են, դիտորդներին և լրագրողներին հնչում են սպառնալիքներ, հանձնաժողովի անդամները թափթփված են աշխատում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am