Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանն անդրադարձել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արած գրառմանը: Պատգամավորը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Ընտրություններն ավարտվեցին: Եկան Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու ժամանակները: Անլրջության մրցավազքը վայրկյան առաջ բացեց հայտնի քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Կեղծված նախագահական ընտրություններից հետո...» , «համատարած խախտումներ», «դիտորդների փոխանցմամբ» եւ տղա երեւալուն հարիր այլ բարձրագոչ եզրերով կուրծք ծեծողների շքահանդեսը բոլորից շուտ հասցրեց բացել հենց նա եւ դեռ կեսօրին «ամփոփեց» ընտրություններն ու գնաց իր գործերին: Մեկ բառով. անլրջություն: Քաղաքագիտությանը հարկ է ավելի լուրջ վերաբերել, վերլուծել փաստերը եւ կարողանալ վեր կանգնել տպավորություններից ու զգացմունքայնությունից: Չստացվեց: Այսօրվա ընտրությունների համապարփակ ու հավասարակշռված գնահատականը չշտապող մասնագետները դեռ կհասցնեն տալ, իսկ «կեղծված նախագահական ընտրությունների» համար, հարգարժան պարոն Կիրակոսյան, խորքային քաղաքագիտությունը մի օր Ձեզ կների»:

Հիշեցնենք, որ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Facebook-ի իր էջում հայտարարել է, որ Երեւանի ավագանու ընտրությունները հերթական կեղծված ընտրություններն էին: Նա, մասնավորապես, գրել է. «Դիտորդների փոխանցմամբ, Երեւան քաղաքի այսօրվա ընտրությունները կրկին ուղեկցվեցին համատարած ընտրախախտումներով եւ բացահայտ ընտրակաշառքի դեպքերով: Այս տարվա փետրվարին տեղի ունեցած կեղծված նախագահական ընտրություններից հետո, Երեւանի ընտրությունները հերթական կորսված հնարավորությունն էին՝ Հայաստանում ժողովրդավարության առաջընթաց արձանագրելու եւ ավելի լավ ընտրություններ անցկացնելու առոմով:

Այսօրվա ընտրությունների անցկացումը լուրջ հետընթաց էր եւ նոր վնաս է հասցնելու երկրի դեպի ժողովրդավարություն շարժմանը։

Այս ընտրություններում 6 կուսակցություններ եւ մեկ նախընտրական դաշինք ձգտում են հաղթահարել ձայների 6 տոկոսի շեմը՝ քաղաքի ավագանու կազմում ներկայություն ապահովելու համար: Այս ընտրությունների արդյունքում, նոր ավագանին, ամենայն հավանակությամբ, Երեւանի քաղաքապետի պաշտոնում կվերընտրի Տարոն Մարգարյանին:

Ցավոք, մայիսի 5-ը Հայաստանի եւ Երեւանի բնակչության համար հերթական կորսված ու հիասթափեցնող օրն է»: